BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Թանկացումը պայմանավորված է ոչ արդյունավետ կառավարմամբ և կոռուպցիայով»

«Թանկացումը պայմանավորված է ոչ արդյունավետ կառավարմամբ և կոռուպցիայով»
04.07.2014 | 00:17

Միայն էլեկտրաէներգիայի թանկացմամբ հասարակությունը չի «պրծնելու»: Այս «հոսանքը» տարածվելու է նաև ողջ տնտեսությունով մեկ, ինչի հետևանքով մեխանիկորեն թանկանալու են շատ ապրանքներ ու արտադրատեսակներ: Այդուհանդերձ, քաղաքացիների համար այդպես էլ պարզ չդարձավ, թե այդ ինչ տնտեսական հաշվարկով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իմա` իշխանությունները, պետք է ձեռքի «թեթև» հարվածով հոսանքը թանկացնի: Ի՞նչ տնտեսական «տրամաբանություն» կա այս որոշման մեջ, «Իրատես de facto»-ի հետ զրույցում պարզաբանեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

«Բոլոր բնագավառներում թանկացումներ կլինեն»,- փաստեց տնտեսագետը, հավելելով, թե շատ հնարավոր է, որ վաղը ջրային կոմիտեն էլ դիմի հանձնաժողովին ու ասի, որ պոմպերի գինը բարձրացել է, ու պետք է ջուրն էլ թանկանա: Թանկացումն ուղղակի ազդեցություն է ունենալու կապի, տրանսպորտի, հեռախոսի սակագների վրա, սակայն, ըստ տնտեսագետի, եթե գործեն բիզնեսի կանոնները, թանկացումներն էական չեն լինի, այսինքն, մրցակցության հետևանքով կարող է թանկացումը 10 տոկոս չլինել, այլ 8,5 կամ ավելի քիչ: Թանկացման չափը պայմանավորված է նաև այն հանգամանքով, թե որքան է տվյալ արտադրանքում էլեկտրաէներգիայի ծախսարար կշիռը:
Այս թանկացման մեջ ընդդիմադիր գործիչը մեկ այլ վտանգավոր բան է տեսնում, որի մասին պատկան մարմինները լռում են կամ չեն էլ մտածում այդ ուղղությամբ: Հիշեցնելով պաշտոնական հայտարարությունները, թե այս թանկացումը անապահով խավի համար կսուբսիդավորվի, նա նկատեց, որ բուն խնդիրն այդ չէ: «Հայաստանի տնտեսության մրցունակության խնդիր կա: Մինչ անցյալ տարի հոսանքի և գազի էժան գնի մեծ առավելություն ունեինք: Սակայն մեկ տարվա ընթացքում 40 % հոսանքի (միջինացված ավելի շատ, քանի որ գիշերային ժամերին 50 %) և 17 % գազի թանկացումը Հայաստանին զրկելու է այն առավելությունից, որի պարագայում կարող էր Մաքսային միություն, ինչո՞ւ չէ, նաև ԵՄ ապրանք արտահանել, մրցակցել: Ավելի մեծ վնասը ես այստեղ եմ տեսնում»,- շեշտեց տնտեսագետը, ընդգծելով, որ բիզնեսի վերաբերմունքը նման իրավիճակներում չի կարող միանշանակ լինել, առավել ևս այնպիսի պատճառաբանությամբ, ինչպիսին ՀԾԿՀ-ն է ներկայացրել: «Վաղը կարող են ասել, գիտե՞ք ինչ կա, Լարսը փակվել էր, ապրանքները փչացել, եկեք դրանց գինն էլ բարձրացնենք: Գին բարձրացնելու համար առիթ միշտ էլ կա»,- ասաց մեր զրուցակիցը:
Դիտարկմանը, որ սա վտանգավոր նախադեպ է ստեղծում տարբեր սուբյեկտների համար, որպեսզի դիմեն հանձնաժողով ու պահանջեն իրենց ապրանքի չհիմնավորված գնի բարձրացում, տնտեսագետը համաձայնեց ու ավելացրեց, որ բոլորը կօգտվեն այս հնարավորությունից: Թանկացման իրական պատճառը պարզելու փոխարեն, ըստ տնտեսագետի, հանձնաժողովը, որն այդ կորուստների բուն պատճառը շատ լավ գիտի, դրանք բացատրում է առևտրային կամ տեխնիկական պատճառներով: «Իրականում դրանք ոչ արդյունավետ կառավարմամբ և կոռուպցիայով են պայմանավորված: Հիմա էլ այդ կորուստները, փաստորեն, մենք` քաղաքացիներս ենք վճարում: Իրենք թալանում են, իրենց կյանքի բարեկեցությունը բարձրացնում են, բայց պարզվում է` այդ կուտակված վնասի «մեղավորը» քաղաքացիներն են, որոնք պարտաճանաչորեն վճարում են հոսանքի գումարը»,- վստահեցրեց Վահագն Խաչատրյանը:
Ոչիշխանական ուժերի ներկայացուցիչները, որ ներկա էին հանձնաժողովի նիստին, հայտարարել են, թե սա զուտ քաղաքական որոշում էր, համաձա՞յն է այս գնահատականին տնտեսագետը: «Քաղաքական է այն առումով, որ այստեղ տնտեսական հիմնավորում չկա: Սա ոչ թե հանձնաժողովի, այլ իշխանության, իշխող մեծամասնության որոշումն է, որում տնտեսական մոտիվացիա չկա: Իսկ քաղաքականն այն է, որ սպառողներս այս պետության մեջ այլևս նշանակություն չունենք: Կարևորն այն է, որ մարդկանց այս խումբը ցանկանում է նույն ձևով ապրել, հարստանալ»,- նշեց ՀԱԿ ներկայացուցիչը ու վերադառնալով մասնագիտական հարթություն, հավաստիացրեց, թե որքան էլ փորձում է, չի կարողանում գտնել այս որոշման տնտեսական դրդապատճառները, քանի որ այդպիսիք չկան. «Եթե իմ խնդիրը սակագին բարձրացնելն է, միշտ էլ հնարավոր է դա անել: Բայց եթե նպատակն արդյունավետ համակարգ ունենալն է և քաղաքացիներին մատչելի հոսանք ու ծառայություններ մատուցելը, այլ հարց է: Ամենապարզ բանը` եթե ուզում եք գին բարձրացնել, պիտի սկսեք բոլորի աշխատավարձերը տասն անգամ բարձրացնելուց»:
Ի դեպ, ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ իրենց կարճատև ուսումնասիրության արդյունքում արդեն 6 մլրդ դրամի «տեղ» են գտել, ինչը կարող է հիմնավոր փաստարկ լինել, որ թանկացում տեղի չունենա: Տնտեսագետը բացատրեց, որ հայկական էլցանցերում միջին աշխատավարձը 2012-ին ՀՀ-ում գործող միջին աշխատավարձից բարձր էր 80 տոկոսով: «Ինձ համար անհասկանալի է` ինչո՞ւ պետք է այդպես լինի: Որ առանձին մասնագետներ պետք է բարձր ստանան, այդտեղ որևէ խնդիր չկա, բայց ինչո՞ւ ողջ համակարգում միջին աշխատավարձն այդքան բարձր պիտի լինի: Էդ ի՞նչ առանձնահատուկ ծառայություններ է մեզ մատուցում: Այն դեպքում, որ օգտվում է իր մենաշնորհային առավելություններից, որոնք մեղմելու խնդիրը դրված է հանձնաժողովի և պետության վրա: Միայն այս հաշվարկով մենք հայտնաբերեցինք այն գումարը, որի մասին ասում են, թե անհրաժեշտ է հայթայթել երեք տարվա ընթացքում»,- նկատեց մեր զրուցակիցը:
Հիշեցնելով, թե համանման ճգնաժամի դեպքում ինչպես էին տարբեր երկրներ անցնում խնայողությունների, այդ թվում` աշխատավարձերի, աշխատատեղերի, ավելորդ ծախսերի կրճատման, տնտեսագետը նշեց, որ ասվածն առավել կիրառական է մենաշնորհների դեպքում, ինչի օրինակն է էլցանցը: «Լծակներն իշխանության ձեռքում են, որը պետք է սանձեր համակարգի ղեկավարությանը: Պիտի ասեր` դուք 200-հազարանոց միջին աշխատավարձ չպետք է ունենաք (ի միջի այլոց, ասվածը վերաբերում է նաև գազ մատակարարող ընկերությանը)»,- արձանագրեց պարոն Խաչատրյանը, համաձայնելով այն տեսակետի հետ, թե, փաստորեն, ժողովուրդն է «փակում» էլցանցերի ղեկավարության աշխատավարձը: Ցավալիորեն, այս բարձր աշխատավարձերն ամենևին էլ չեն առնչվում այն շարքային էլեկտրիկներին, որոնց հետ ամեն օր շփվում է քաղաքացին, խոսքն այդ կառույցի վերին օղակներում հայտնված մարդկանց մասին է: Ընդդիմադիր գործչի դիտարկմամբ, չնայած այդ պաշտոնյաներն իրենց եկամուտների մասին չեն բարձրաձայնում, սակայն դա տեսանելի է նրանց ապրելակերպից:
Այս ընկերությունում, տնտեսագետի պնդմամբ, լուրջ ուսումնասիրման հարց է նաև շահութաբերությունը, որը կազմում է 10-12 տոկոս: ՀՀ իշխանությունները պարտավոր են քաղաքացիներին տալ մի շարք հարցերի պատասխաններ, այդ թվում` ինչո՞ւ են ընկերությունում աշխատավարձերը, շահութաբերությունն այդքան բարձր, ինչո՞ւ են կորուստներն այդքան մեծ: «Երբ մարդիկ հավաքվում են ու այդ հարցերն ուղղում հանձնաժողովին, ասում են` դուք էս ի՞նչ եք անում, բոլորին հավաքում, ծեծելով տանում են ոստիկանություն: Իսկ մարդիկ ուզում են իմանալ` ինչո՞ւ են բարձրացնում գինը: Պարզվում է, սակայն, իշխանությունը թքած ունի հասարակական կարծիքի վրա: Այս համակարգի տրամաբանությունն է սա»,- քաղաքական գնահատականով իր տնտեսական պարզաբանումներն ամփոփեց Վահագն Խաչատրյանը` իրավիճակի լուծումը տեսնելով քաղաքական հարթությունում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ